Ի դեպ. Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւի մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հանրային-քաղաքական շրջանակներում եւ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկման առարկա էր դարձել Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես գրառում արեց, թե «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»:
Հայության, այս դեպքում ֆեյսբուքահայության մի մասը ոգեւորված արձանագրում էր, թե Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մյուս մասը բացատրում էր, որ սա դեռ ճանաչում չէ, սա ճանաչմանն ուղղված առաջին քայլն է, միայն եւ ընդամենը։ Մի մասն ասում էր, թե սա պատմական փաստաթուղթ է ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ մեկ պետության կողմից, մյուս մասն ասում էր, թե հա, պատմական փաստաթուղթ է, սակայն այն իրականում մեզ բարոյական, հոգեբանական աջակցությունից զատ ոչինչ չի տալիս։
Իրականում, այո, ընդունված բանաձեւը չափազանց կարեւոր է, թեեւ նկատենք, որ այն հազիվ, թե հասնի Արցախի անկախության ճանաչման վերջնական փուլին։ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության չանաչումն այս փուլում տեսականորեն հնարավոր, գործնականում այնքան էլ հավանական չէ։
Հիշենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ «Ֆրանսիայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի»։ Եւ ուրեմն որն էր այս փաստաթղթի նպատակը, Հայաստանին բարոյական աջակցություն ցուցաբերելուց զատ։ Ըստ փորձագիտական գնահատականների, սա դեմարշ է Ռուսաստանի նկատմամբ, ԼՂՀ հարցում ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այլ Թուրքիայի հետ համագործակցությամբ հարցեր կարգավորելու համար։ Ի դեպ, նույն ճանապարհին է նաեւ ԵԱՀԿ մյուս համանախագահ երկիրը։ Հիշեցնեմ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման բանաձեւ է ներկայացվել նաեւ ԱՄՆ Կոնգրես։
Չափից դուրս լավատես պիտի լինել, մտածելու համար, թե այս երկրներում ճանաչման գործընթացները կհասնեն մեզ համար ցանկալի հանգրվանի ու դեռ նման գործընթաց կհարուցեն նաեւ ՌԴ-ում։ Մտքներումս նման հեռանկար փայփայենք, բայց լինենք ավելի իրատես, փորձելով օգտագործել բանաձեւի մյուս արձանագրումները։ Մեկ օրինակ. եթե բանաձեւով ձեւակերպում կա ադրբեջանական զորքերի դուրս բերման եւ 94-ի հաստատված սահմանների վերականգնման մասին, ուրեմն հնարավոր է ինչ որ չափով վիճարկել 2020-ին հաստատված սահմաներրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Նման օրինակներ ու հնարավորություններ էլի կան։