Երբ խոսում ենք Ֆրանսիայի սենատում Արցախի ճանաչման նախագծի մասին, մենք պետք է համեմատականներ անցկացնենք, թե ինչպես է Ֆրանսիան իրեն պահում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման շրջանակներում։ Այդ ժամանակ էլ կար կառավարական շրջանակների ընդդիմացում, որպեսզի հարաբերությունները չփչանային Թուրքիայի հետ, բայց ի վերջո՝ դա տեղի ունեցավ և օրենքի մակարդակով ընդունվեց Հայոց Ցեղասպանության պատմական փաստը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար, քաղաքագետ Հայկ Դեմոյանը։
«Իմ ենթադրմամբ՝ եղել է Ֆրանսիայի օրենսդիրի և գործադիրի միջև որոշակի պայմանավորվածություն՝ արձագանքների և որոշումների ընդունման հարցում։ Կարծում եմ՝ ճանաչման նպատակահարմարության բանաձևը, որը բացառիկ էր ձայների մեծամասնության առումով և պատմական փաստաթուղթ էր՝ Սենատի միահամուռության առումով եզակի էր, ըստ էության՝ բոլոր ֆրակցիաները միաձայն քվեարկեցին նախագծի օգտին, ճիշտ է, դա ճանաչում չէր, բայց որոշակի կես քայլ էր այդ ուղղությամբ։ Դրան անմիջապես հետևեց ԱԳՆ-ի արձագանքը, հիմա պետք է հասկանալ, թե որտեղ է գաղտնիքը և ինչու էր դա պետք դնել քվեարկության և կես ժամ կամ մեկ ժամ անց հրապարակել գործադիրի հերքումը։ Կարծում եմ, որ առաջին դրվագով կար ուղերձ, որ գործընթաց կարող է սկսվի, որն, իհարկե, հասցեագրված էր այն կողմին, որը փորձում է միանձնյա կարգավորել կամ տիրապետել գործընթացին՝ տվյալ դեպքում ՌԴ-ին»։
Նրա դիտարկմամբ՝ դրան հաջորդեց գործադիրի հայտարարությունը, որով հետ քայլ կատարվեց, որպեսզի տեղ թողներ հետագա զարգացումների համար։ «Այսինքն, եթե դա լիներ ճանաչում, ապա հետ քայլը ճանաչումից շատ դժվար կլիներ։ Ֆրանսիական կողմը գնաց դիվանագիտական ճանապարհով, կարծես թե ակնարկը տվեց, դա կրակոց էր օդի մեջ։ Ըստ էության՝ տակտիկական քայլ արվեց, ընդունվեց դեռևս ոչինչ չասող բանաձև, ապա հետ քայլ արվեց որպես ուղերձ ՌԴ-ին, որ կարող են գնալ նաև այդ ճանապարհով, սակայն իրենք տեղ են թողնում հետագայում բանակցություների համար՝ ԵՍՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Սա նուրբ ակնարկ է, որ սա բանակցային քննարկման թեմա է, ոչ թե նեղ շրջանակի քննարկման և լուծումներ գտնելու՝ առավել ևս վերջնական լուծում գտնելու, և կարգավորման վերջնական մեխանիզմներ մշակելու հարցը պետք է չդիտվի առանձին տարածաշրջանով, այլ դա պետք է դիտվի նախկին ձևաչափով»։
Նրա դիտարկմամբ՝ սա խաղարկված մոդել էր, որի հիմնական մեսիջն այն էր, որ կարգավորման մեջ պետք է ներգրավված լինեն բոլորը։ «Ֆրանսիան ակնարկեց, որ միակողմանի և միանձնյա որոշումները խիստ անցանկալի են և ակնարկեց, որ խնդիրը բազմակողմանի քննարկման արդյունքում պետք է կարգավորվի։ Անդրադառնալով այլ երկրների կողմից ճանաչման հնարավորությանը՝ նա ընդգծեց, որ պետք է հստակ հասկանալ, որևէ երկիր չի զոհաբերի իր շահերը, որի դիմաց ոչ մի բան չի ստանալու։ «Միաժամանակ, պետք է ասել, որ նոյեմբերի 10-ից հետո այդ ճանաչումը կամ ճանաչումների ակնարկը կարող են նախ նոր լարվածություն առաջացնել Արցախում, քանի որ դրանք առաջին հերթին ուղղված կլինեն ՌԴ-ի միանձնյա դերակատարության դեմ։ Դիվանագիտության մեջ անելիքները պետք է սկսել նրանից, որ պետք է հասկանալ, թե մինչև ուր են գնալու հնարավոր ճանաչումները՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, որքանով են դրանք ազնիվ արցախահայության իրավունքների հետ կապված և որքանով են դրանք՝ իրերն իրենց անունով անվանենք՝ հակառուսական իրենց բնույթով, խուսանավումը և դիվանագիտական նուրբ աշխատանքը պետք է տարվի այստեղ»։

