«Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջախջախված է։ Ես գաղտնիք չեմ ասում, ադրբեջանցիներն էլ հաշվում են, քանի որ իրենց տարածքում են մնացել թնդանոթները, տեխնիկան։ Դա պարտություն չէ, դա ջախջախում է»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Թե ինչու նման խայտառակ բան պատահեց, Բագրատյանը երեք պատճառ է նշում։
«Առաջին պատճառը քաղաքական է։ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, որն, ինչպես տեսանք, սխալ էր։ Որպես 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ երկու անգամ դիմել եմ, չի ճանաչվել։ Եթե իմ ֆեյսբուքյան էջը նայեք, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, 2 ժամ հետո գրեցի՝ անմիջապես ճանաչեք Արցախի անկախությունը, չարեցին։ Հիմա էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում, որպեսզի ճանաչի։ Քաղաքական երկրորդ սխալը հակառուսականությունն էր։ Իրավունք ունեմ խոսելու 25 տարի առաջ տարված հաջողություններից և բոլոր հաջողությունները տարվել են իմ վարչապետության օրոք, հատկապես ռազմաճակատում։ Մինչ այդ մենք միանշանակ չէինք հաղթում, ինչ-որ բան արել ենք չէ, որ ստացվել է։ Այն ժամանակ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն իրար հետ մոտ էին, հիմա դժբախտաբար մի իրավիճակ առաջացավ, հատկապես 2014 թվականի Ուկրաինայի դեպքերից հետո, և ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարբեր բևեռներում են։ Մենք ինչքան էլ սիրեինք, չսիրեինք, պետք է մնայինք պրոռուսական ծիրի մեջ։ Այս տարածաշրջանում մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ՝ ռուսների։ Երրորդ ստրատեգիական սխալը Իրանին նեղացնելն էր, այն աստիճանի, որ Իրանը չուզենա իր տարածքով պատերազմի ընթացքում բեռներ տեղափոխվեն։ Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել։ Չորրորդ սխալը, Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր։ Մյուս սխալը Չինաստանին ապտակելն էր։ Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին։
Պարզ է, որ Ավինյանը Նիկոլի հրահանգներն էր կատարում։ Ես չեմ եկել ԱՄՆ-ի դեմ խոսեմ, բայց վերջին շրջանում ԱՄՆ-ի արածները Հայաստանի դեմ են։ Շատ լավ է, որ Ջասթին Թյուդոյի հետ կարող եք նույն գույնի նասկի հագնել, բայց նա ձեզ մի փամփուշտ անգամ չի խոստացել, եթե պատերազմ լինի։ Մենք գոհ ենք ֆրանսիական պետությունից, նրա ղեկավար Մակրոնից, բայց արևմտյան Եվրոպան դաշինքի մեջ է ԱՄՆ-ի հետ»,-նշեց Բագրատյանը։ Բագրատյանի խոսքով՝ մյուս սխալներն արվել են զինատեսակների մասով։ «Ժողովուրդ ջան, մենք 80 տոկոսով պարտվել ենք ԱԹՍ-ներին, հիմնականում Բայրաքթարներին։ Իրենք երկու տեսակի ԱԹՍ ունեն, մեկը գալիս է հետախուզելու, իսկ մյուսը՝ խփում։ Երբ մենք հունվարին գնեցինք Սու-30 ինքնաթիռները, ես զարմացա, թե սրանք խի են դա գնել։ Դա կործանիչ է, հատը 30-40 մլն է։ Բայց մենք կործանելու բան չունեինք, առաջիկա պատերազմում մենք պետք է պաշտպանվեինք։ Ինձ ձեռ էին առնում ՊՆ-ի մի քանի մարդիկ, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը։ Անընդունելի է դա ժողովուրդ, պատերազմի ժամանակ պանիկա պետք չէ ստեղծել, բայց ճիշտը պետք է ասել»,-հավելեց նա։

