Ի դեպ. Ադրբեջանին փոխանցվող համայնքների եւ հայ բնակչության իրավունքների պաշտպանության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին, պատերազմից հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Իհարկե,անչափ տխուր էր հետեւել «դուխն» ու ինքնավստահությունը կորցրած երկու դե յուրե ղեկավարների հանդիպմանն ու նրանց լուսանկարի դառը հումորային գրառումներին։ Սա՝ ի դեպ. կամ իմիջայլոց։ Հանդիպման ժամանակ խոսվել է Արցախում բնականոն կյանքը վերականգնելու եվ մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու, նրանց համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։
«ՀՀ կառավարությունն արդեն իսկ կայացրել է մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցությանը»,-ասել է վարչապետը։Այսօր արդեն ՀՀ Կառավարության կայքում հրապարակվեց սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը՝ այդ համայնքներում բնակված անձանց սոցիալական աջակցության տրամադրման մասին հայտնելու նպատակով: Եվ այդ ցանկը, եւ աջակցության չափը շատ տպավորիչ էին՝ վատ իմաստով։ Աջակցության գումարի չափը կազմում է 300 հազ դրամ։
Իսկ Ադրբեջանի ենթակայության տակ են անցել Արցախի երբեմնի հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու 121 գյուղ ու քաղաք։ Պատկերացրեք, 121 համայնքի բնակիչներ լքում են իրենց բնակավայրերը, դառնալով տնավեր։ Եվ այս գաղթը երբեմն իրականացվում է անկանոն ու անկազմակերպ, երբեմն մարդկանց տեղեկացնում են, թե ժամկետների մասին նախապես կհայտնեն, հետո հրահանգ է գալիս համայնքը լքել մեկ օրվա ընթացքում, լինում են դեպքեր, երբ մարդիկ իրենց ունեցվածքը, ինչքանով որ հնարավոր է, հավաքում եւ դուրս են գալիս ադրբեջանցիների ներկայությամբ ու նրանց ծաղրանքի ներքո, իսկ Մարտունիում, ասում են, զինված ադրբեջանցիները մտել են գյուղ ու գերի վերցրել, եւ այլն եւ այսպես շարունակ։
Տեսնես Երեւանում կամ Ստեփանակերտում կա՞ որեւէ մեկը, որ իրավասու է հարցնել՝ եթե եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձ, դա միայն ադրբեջանցիների՞ն է վերաբերում։ Եվ արդյո՞ք այդ հայտարարությունն արտոնում է ստանալ նոր փախստականներ ու ներքին տեղահանվածների բացառապես հայերի շրջանում։ Այն մարդկանց, ովքեր երկար տարիներ ապրում են այդ համայնքում, իրենց իսկ ձեռքով կառուցված տանը։ Այսպես ասած «փախստականների վերադարձը» նշանակում է ա՞յս մարդկանց փախստական դարձնել։ Եւ ի վերջո, Երեւանում կամ Ստեփանակերտում կա՞ մեկը, կա՞ մի պետական կառավարման մարմին, որ կկարողանա այս փուլում զբաղվել Արցախի հայ բնակչության իրավունքների ու արժանապատվության պաշտպանության հարցերով։