Ի դեպ. Պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտության բանակցային ձեւաչափի եւ կարգավորման հեռանկարի մասին
ADTVԻ դեպ, պատերազմում կրած դաժան պարտությունից ու եռակողմ տխրահռչակ հայտարարությունից հետո հանրային քաղաքական միտքը կարծես առավելապես զբաղված է ներքաղաքական զարգացումներով։ Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, հասարակության մի մասը շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը, իսկ կառավարող կուսակցության ու վարչապետի օրակարգում նման հարց չկա, վարչապետը ներկայացրել է երկիրն այս վիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզը։ Այնքան ենք տարվել ներքաղաքական զարգացումներով, որ մի պահ կարծես մոռանում ենք, որ այս հայտարարությամբ ոչ պատերազմն է ավարտվել, ոչ էլ հակամարտությունն կարգավորվել։
Ու ստեղծվել է մի վիճակ, երբ հրադադար հաստատելու առաջին քայլը տեղի է ունենում ռուս-թուրքական համաձայնությունների շրջանակում, ադրբեջանա-թուրքական կողմը պնդում է, որ հակամարտության կարգավորումը եւս լինի այս ֆորմատով, մինչդեռ հակամարտության կարգավորման կարգավորման միակ, միջազգայնորեն ընդունված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, հակամարտության կարգավորման բացառիկ մանդատը Մինսկի խմբի համանախագահությանն է:Մինսկի խմբի երկու համանաագահները, ճիշտ է, ողջունում են հրադադարի հաստատումն ու այդ գործում Մոսկվայի դերակատարությունը, սակայն չեն համաձայնի բանակցային ֆորմատի դե ֆակտո փոփոխությանն ու ասենք այսպես՝ «խաղից դուրս» մնալուն։
Նրանք շարունակում են պնդել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի հենց Մինսկի խմբի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, օրերս կողմերին հորդորեց հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական լուծմանը։ Եվ վստահեցրեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ ներգրավվել այդ ջանքերում: Իսկ Ֆրանսիան կարծես եւս մեկ քայլ է անում դեպի Արցախի անկախության ճանաչում։
Մինչ Ալիեւը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, Ֆրանսիայում, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացնում քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը: Ճիշտ է, բանաձեւի վերնագիրը հուշում է, որ խոսքը ոչ թե անկախության ճանաչման, այլ դրա անհրաժեշտության մասին է, ամեն դեպքում սա մի քայլ առաջ է քաղաքային եւ նահանգային ճանաչումներից։
Ինչեւէ. Ստեղծված իրավիճակում Հայաստանը մարեւրի լան հնարավորություններ է ստանում իսկ Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարի համար դժվար ու ծավալուն աշխատանքի մեծ դաշտ է բացվել։