Ի դեպ. Վարչապետի հրաժարականի հարցի մասին՝ ՀՀ եւ ՌԴ նախագահների հայտարարություններից հետո
Ի դեպԻ դեպ, Հայաստանի, ապա նաեւ Ռուսաստանի նախագահների հրապարակային խոսքերը՝ մի դեպքում ուղերձի, մյուս դեպքում հարցազրույցի տեսքով, որոշակիորեն ուրվագծեցին հայաստանյան ներքաղաքական հետագա զարգացումների հունը։ Հայաստանի նախագահի խոսքը բավականաչափ պարզ էր, ուղերձները՝ հստակ, առանց տողատակերի. այն է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն հաղթահարելու հրամայականը, անհրաժեշտ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Այս հայտարարությամբ,ՀՀ նախագահը, ըստ էության, միանում էր խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ու հասարակության մի զգալի հատվածի՝ վարչապետի հրաժարականի պահանջին։
Օղակը գործող վարչապետի շուրջ սեղմվում էր, ու թվում էր, թե հրաժարականը հեռու չէ։ Իրավիճակը որոշակիորեն փոխվեց ՌԴ նախագահի հարցազրույցից հետո։Իհարկե, Վլադիմիր Պուտինի խոսքում բազմաթիվ տողատակեր կային, որոնք ամենատարբեր, նույնիսկ հակադիր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս՝ կախված մեկնաբանողի քաղաքական դիրքավորումից։ Իրականում ՌԴ նախագահը, խոսելով Հայաստանում ստեղծված վիճակի մասին, թեեւ հայտարարեց, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի որոշելու իր ներքին գործերը, միաժամանակ ընդգծեց, որ ՀՀ պետական կառույցները չեն կարող թույլ տալ հասարակության պառակտում ներսից։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգի տակ գտնվող երկիրը չի կարող նման բան թույլ տալ՝ դա անթույլատրելի է, ոչ արդյունավետ և չափազանց վտանգավոր։ Նախընթաց օրերին, խոսելով վարչապետի հնարավոր հրաժարականի մասին, նկատել էինք, որ այն պայմանավորված է հիմնականում երկու գործոններով՝ այսպես կոչված «կրիտիկական զանգվածի» առկայություն Հայաստանում եւ վարչապետի հրաժարականը խրախուսող ակնարկներ ՌԴ-ից։ Այս երկու գործոններն էլ այս պահին կարծես բացակայում են։ Հայաստանում 16-ի ֆորմատին չի հաջողվում գեներացնել բավարար դժգոհություն եւ ապահովել «կրիտիկական զանագված», իսկ ՌԴ-ից ստացվող ուղերձները, ինչքան էլ դրանք մատնանշում են վարչապետի անհասկանալի կամ սխալ որոշումները կապված պատերազմի ժամանակ ստացած առաջարկների հետ, արագ հեռանալու ակնարկներ չեն պարունակում։
Ասել է, թե Նիկոլ Փաշինյանը ժամանակ է ստանում Հայաստանում ստեղծված իրավիճակը հարթելու համար։ Հատկանշական է, որ ՌԴ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզը, որով նա պատրաստվում է հաղթահարել երկրում ստեղծված իրավիճակը։ Նա այդ աշխատանքները նախատեսում է իրականացնել վեց ամսում։ 2021-ի հունիսին նա հանդես կգա հաշվետվությամբ եւ այդ ժամանակ էլ, հաշվի առնելով հանրային կարծիքը, որոշում կկայացնի հետագա անելիքների վերաբերյալ։
Վստահության հանրաքվե՞, արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ժամանակը ցույց կտա։