ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:
Այս շաբաթ մենք անդրադարձել ենք ձեռքերի ճաքճքվածությանը::
Հայտնի փաստ է, որ հատկապես ձմռանը մեր մաշկն առավել շատ հոգատարության և խնամքի կարիք է ունենում: Օդի խոնավությունն ու ցուրտը կարող են պատճառ հանդիսանալ ձեռքերի, մաշկի չորացման, չորուկների առաջացման և ճաքճքման համար:
Այս ամենից խուսափելու համար, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս հատկապես ձմռանն առավել ուշադիր լինել սեփական մաշկի հանդեպ:
Ձեռքերի և առհասարակ մաշկի խնամքը չափազանց կարևոր է նախ՝ մարդու առողջության համար, հետո՝ գեղեցիկ և առողջ տեսք ունենալու համար: Մարդիկ հատկապես ձմռանը տառապում են մաշկային չորությունից, ձեռքերին առկա ճաքճքվածությունից, որոնք հաճախ արտահայտվում են թույլ արյունահոսությամբ:
Կոսմետոլոգները ձեռքերի խնամքի համար առաջարկում են հիմնականում պարաֆինային դիմակները, որոնք և՛ թեթև են, և՛ համարվում են ամենաարդյունավետ խնամքի միջոցներից:
Նախ՝ չպետք է «մերկ» ձեռքերով՝ առանց խոհանոցային ձեռնոցների, ինչ-որ բան լվանալ, մանավանդ՝ ցուրտ եղանակին:
Կանանց ձեռքերի մաշկը, անընդհատ հպվելով ջրին, կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը:
Բացի ջրից, ձեռքերը տուժում են նաև մաքրող միջոցներից: Ջրի հետ յուրաքանչյուր շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել: Տնային գործեր անելիս՝ կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետև այն 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա՝ ոչ թե օգնում է, այլ` վնասում:
Ամեն գիշեր, քնելուց առաջ պետք է որևէ փափկացնող քսուկով, կրեմով խնամել ձեռքերը, իսկ տանից դուրս գալիս՝ անպայման պետք է ձեռնոցներ կրել: Կարտոֆիլից պատրաստված դիմակները ևս շատ օգտակար են մաշկի համար: Այս դիմակն օգնում է մաշկը հիանալի հարթեցնել և ձեռքերի վրա առկա մանր ճաքերը վերացնել: Դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից պյուրե պատրաստել՝ ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Պյուրեն տարածել ձեռքերին, վրայից պոլիէթիլենային թաղանթով փաթաթել և բրդե ձեռնոցներ հագնել: Անհրաժեշտ է պյուրեն պահել ձեռքերի վրա այնքան ժամանակ, մինչ խյուսն ամբողջությամբ սառչի:
Բացի մաշկից, եղունգները ևս, շատ խնամքի և հոգատարության կարիք ունեն: Հատկապես ձմռան ընթացքում «շոյեք» ձեր մաշկը յուղային, տաք լոգանքներով, եթե հնարավոր է՝ այցելել նաև մերսման սրահներ:
Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, ապա կարելի է գիշերը կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի մետաքսի նման նուրբ, իսկ եղունգները` ամուր ու չեն շերտավորվի:
Հարկ է նշել նաև, որ ձեռքերի չորության և ճաքերի պատճառ կարող են հանդիսանալ հաճախ լվանալն ու սպիրտի բարձր պարունակությամբ ախտահանիչ նյութեր օգտագործելը, ինչը, հաշվի առնելով կորոնավիրուսային համավարակը, պարտադիր երևուհթ է բոլորի համար:
Մասնագետներն ասում են, որ ձեռքերն ախտահանելու համար ախտահանիչ նյութեր օգտագործել պետք է առավելագույնն օրական 2 անգամ: Ընդ որում՝ ախտահանիչ նյութերով խորհուրդ է տրվում օգտվել միայն նրանց, ովքեր լինում են հասարակական վայրերում. տանը դրա կարիքը չկա:
Նաեւ խորհուրդ է տրվում չլվանալ ձեռքերը յուրաքանչյուր հինգ րոպե մեկ: Ամենաօպտիմալ դեպքում ձեռքերը պետք է լվանալ օրական 6 անգամ:
Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ եթե մաշկը շատ չորանա եւ ճաքեր առաջանան, այն կդառնա ավելի խոցելի տարբեր հիվանդությունների հարուցիչների նկատմամբ:

