Ի դեպ․ Վարչապետի հրաժարականի պահանջների մասին
ADTVԻ դեպ, ավելորդ է ասել, որ հայ հասարակության վերջին օրերի, մեղմ ասած, կոտրված ու հիասթափված վիճակը պայմանավորված է ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի ստորագրած հայտարարությամբ։ Հայտարարություն, որ արձանագրում է պատերազմում կրած մեր պարտությունը եւ ավելի շատ ու ավելի շուտ կապիտուլացիայի է նման։ Իհարկե, կարելի է վերլուծել եւ եզրակացնել, որ այս պարտությունը նախընթաց տարիներից է գալիս, կարելի է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ բերել, ամենատարբեր բացատրություններ գտնել, մեկնաբանել այս ողջ պատմության այս կամ այն դրվագը, մեղավորներ փնտրել կամ նշանակել, բայց դրանից ոչինչ չի փոխվում։
Հայաստանն իր վարչապետի ձեռամբ ստորագրել է անասելի ծանր հետեւանքներ ենթադրող ստորացուցիչ հայտարարություն։Եվ շատ բնական է, որ ստեղծված իրավիճակում պիտի հնչեին ու հնչում են վարչապետի հրաժարականի եւ իշխանությունը փոխանցելու պահանջներ։ Սա իրականացնելու տարբեր տարբերակներ են առաջարկվում՝ իշխանությունը ժամանակավորապես նախագահին փոխանցելուց մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ ու նոր կառավարության ձեւավորում։ Բայց որպես առաջին քայլ, այն է՝ վարչապետի հրաժարական, ընդդիմության տարբեր թեւերի մոտ, կարծես թե, տարաձայնություններ չկան։Այս պահանջը դժվար է անհիմն համարել՝ պատերազմում պարտության կրած երկրի գլխավոր հրամանատարը հեռանում է, եթե անգամ հիմնավոր ու օբյեկտիվ են պարտության պատճառները։ Ճիշտ է, գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում, բայց եթե գետն անցնելը ձախողվել է, ձիերը փոխվում են ինքնաբերաբար կամ անհրաժեշտաբար։ Սա՝ որպես ընդհանուր մոտեցում։ Այլ հարց է, թե որքանով է հրաժարականը իրականանալի այս դեպքում, եթե այո, ապա ինչ ժամկետներում։
Դատելով այս օրերի զրույցներից քաղաքացու հետ եւ ուղերձներից, վարչապետը հրաժարական տալու մտադրություն չունի, բայց դա չէ էականը։ Հրաժարականի որոշման վրա ազդող, ըստ էության երկու կարեւոր գործոններ կան՝ ներքին ու արտաքին։ Արդյոք քաղաքական ընդդիմությունը կկարողանա գեներացնել, ինչպես ընդունված է ասել, կրիտիկական զանգված, ինչպես դա ժամանակին հաջողվեց գործող վարչապետին։ Իսկ մյուս՝ արտաքին գործոնն այն է, թե քաղաքական ինչ բովանդակություն ունի, այսպես ասած, ստորագրության փաթեթը։Ենթադրվում է, որ այդ փաթեթեի մեջ մտնում է ոչ միայն ստորագրելը, այլեւ այն անձամբ ի կատար ածելու պարտավորությունը, եթե իհարկե ՌԴ-ի մտքում այլ, շրջադարձային սցենարներ չեն խմորվում։ Մինչ այդ Երեւանում շարունակվում են ընդդիմադիր թեւերի հանրահավաքները, իսկ ՌԴ ԱԳ նախարարն ասում է, որ իրենք տեսնում են, թե ընդդիմությունը որքանով է փորձում սպեկուլյացիա անել այս իրավիճակի շուրջ։ Այսպիսով․Հայաստանում դժգոհությունը գեներացնելու ինչ աստիճանի կհասնի ընդդիմությունը եւ ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն։ Սրանցով էլ կպայմանավորվի վարչապետի մնալ-գնալու, կամ՝ առայժմ մնալ գնալու հարցը։