Մեր տղաների թափված ցիստեռներով արյունը Ալիևի ռեյտինգը բարձրացնելու համար էր: Չպատկերացրինք, չհասկացանք, չհասկացողի տեղ դրեցինք մեզ, հույսներս թողնելով աղոթքի ուժին: Լավ չենք աղոթել, մի մասը չի աղոթել էլ առհասարակ, բայց եթե Սրբազանի աղոթքը չհասավ...
Կուտենք իրար, մեղավորներ կփնտրենք, կդատապարտենք հրաման կատարող սխալ հռետորաբանությամբ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնողին, մեկ օր առաջ մեր կողմից հերոսի դափնեպսակը կփիտրենք, ու դրանով մեր հերոսացրածից բորշչ կսարքենք: Դա կանենք կարող ենք, չենք վիճարկի Թուրքիայի ակնհայտ առկայությունը պատերազմում, չենք ձևակերպի անօթևան մնացածների տանիք ունենալու իրավունքը, չենք մտցնի մարդակենտրոն իրավնունքների միջազգային նորմերը ճիշտ հասցեատերերի աչքը, չենք անի...
Ապաշնորհ այրերի քաղաքական կարճատեսությանը, ռազմական գործիչների անձեռնահասությանը, դիվանագիտական կորպուսի թղթե շերեփին և իրավիճակի լրջությունը չզգացող ժողովրդին «փախեք, փրկվեք»-ը քիչ է, ուր մնաց Արցախը:
Շուշիում, կստեղծվի Շահիդների երկրորդ պուրակը, որտեղ առաջին կայցելեն վրացիք, երկրորդը ռուսները, երորրդին հետևելու հետաքրքրասիրությունը կմարի, 1960 ռուսն իրենց 1960 կանանցով, 1000 սիրուհիով մեր երկրում կլինեն: Արցախցին չի ուզենա ապրել Ստեփանակերտում անգամ, ու հարբած ռուսների սիրուհիները հետո կվկայեն, որ «պրեկրասնիյ գորոդ գդե նա սվետե բոլշե նետ»-ը համարյա չչափազանցված իրականություն է...
5 տարում, մենք կփորձենք տեղավորել փախստականներին, որոնք զզված, հոգնած ու հիասթափված լեգիտիմ ապաստարաններ կհայցեն դրսերում, Ադրբեջանը կզինվի Հայաստանը վերցնելու ախորժակով: Այ հենց այստեղ ընդհատենք հետոյի մասին պատկերացումները...
Հիմա մենք ունենք կոտորված սերունդ, ունենք սևազգեստ մայրերի սերնդափոխություն, գլուխներս կախ ման գալու բացառիկ իրավունք և երկրին տիրելու մոլեռանդներ: Երկիրը կհանձնվի ռուսական շպիոնաժին ու նախագահը, ընդ որում՝ մեկ է թե ով կլինի, լուրը կիմանա մամուլից, Հայաստանը ներկայացնող դեսպանները չեն ունենա երկիրը ներկայացնող միասնական կոնցեպտ, չեն ունենա Արցախը ներկայացնելու միասնական օրակարգ, ցեղասպանված ազգի սինդրոմը ավելի խորը կնստի մեր երակներում:
Ավելի քան երբևէ ակտուալ կլինի «Ոչխարները կերան մարդկանց» ասույթը ու ամենևին էական չէ, սեփական, թե թշնամու:
Ի՞նչ կլինի «Էրատո» ջոկատի հետ: Եթե հավես մնա կգտնվի մի պատմաբան, որ կասի Էրատոն միայն եղբոր հետ ամուսնացած արյունապիղծ թագուհին չէր, ուրիշ պարկեշտ Էրատոներ էլ ենք ունեցել, այ դրանցից էն ամենազուսպի անունն ենք դրել, համ էլ բարեհունչ էր, BBC-ն ու մնացածը հեշտ կարտաբերեին: Եթե հավես մնա մի այլ թևի պատմաբան էլ կհակադրի, որ հայերը թասիբով են ու դավաճանների անունները խարան են, օրինակ կբերի, թե ինչպես դարերով մերժված է եղել Վասակ անունը:
Պատմաբանները կկրծեն իրար ու հավես չի մնա վիճարկել հայի թասիբ ունենալու հարցը, որովհետև գլխիկոր մնացինք, որովհետև առերեսվեցինք սեփական անճարակությանը, որովհետև մեր պատմությունը կրկնելը մեր ճակատագիրն է: Անգամ, եթե ինչ որ մեկը հարց տա, թե ինչու Էրատոն գնաց պատերազմ, թե ինչու թվաց, որ Էրատոյի Աննային գերի վերցրին ու փոխանակեցին Արցախի հետ, թե ինչու եղավ ինչ եղավ, դրանք կլինեն հռետորական...

