Ի դեպ. Առանց նախապայմանների Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու Ալիեւի պատրաստակամության մասին
ADTVԻ դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին հայտարարել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա և առանց նախապայմանների բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա չնայած կասկածի տակ է դնում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում իր խոսքով ասած՝ «կառուցողական աշխատանք կատարելու Երևանի ունակությունը», սակայն ուշադրություն դարձրեք համաձայն է հանդիպել ու բանակցել առանց նախապայմանների։
Ընդ որում առանց նախապայմանների հանդիպելու մասին Ալիեւը խոսում է առաջին անգամ՝ պատերազմը սանձազերծելուց ի վեր։ Մինչ այս Ալիեւը խոսում էր նախապայմանների ու վերջնագրերի լեզվով, ասում էր, թե հանդիպման, բանակցությունների կգնա միայն այն դեպքում, եթե հայկական կողմը դուրս բերի իր զինված ուժերը տարածքներից կամ ներկայացնի դուրսբերման հստակ ժամանակացույց։ Եւ ուրեմն ինչ է փոխվել։
Հնարավոր է, որ ոչ մի բան էլ չի փոխվել, Ալիեւը պարզապես փորձում է սիրաշահել Մոսկվային, չմղել նրան ավելի կոշտ քայլերի։ Հանդիպել, բայց շարունակել նույն ոգով ու գործելաոճով։ Հնարավոր է, սա պարզապես ադրբեջանաթուրքական հերթական հնարքն է՝ ուժերը վերադասավորելու համար։Բայց հնարավոր է նաեւ, որ ինչ որ բան, այնուամենայնիվ փոխվել է։ Նախ, չնայած փոքր առաջխաղացումներին, վերջին օրերին Ադրբեջանը ռազմաճակատում հսկայալան կորուստներ է տալիս։ Ինչ վերաբերում է տարածքային որոշ առաջխաղացումներին ապա ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հայտարարեց, որ հայկական ԶՈՒ-րը Արցախի հարավային ճակատում այս պահին առկա ռազմաճակատային բնագծին չի համակերպվի:Մեջբերեմ՝ «Հրադադարի գնալը քաղաքական հարց է, բայց մեր ռազմական պլաններում այս վիճակին համակերպվել չկա:
Մեր պլաններում այլ գործողություններ են, այլ բնույթի եւ այլ տարածքի»։ Այստեղ թերեւս պետք է հիշել ՀՀ վարչապետի վերջին ուղերձը, երբ ասում էր, որ ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք։Հավանաբար այդ պահը մոտենում է, մեր Զու-ի կամքով, ջանքով ու ցավոք, վճարվող թանկ գնով։ Այդ պահը հասունացնելու գործում պետք չէ թերագնահատել նաեւ միջազգային դիվանագիտական ջանքերն ու ճնշումները Ադրբեջանի ու Թուրքիայի վրա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններն ու ձեռնարկան քայլերը՝ ուղիղ կամ անուղղակի, Իրանի՝ վերջին օրերին ակտիվությունը, չեն կարող զրո ազդեցություն ունենալ։ Այս ամենն իհարկե լավ է, սակայն գլխավոր դերակատարումը հայկական կողմինն է՝ առավելագույնս համախմբել բոլոր հնարավոր ու անհնար ռեսուրսները եւ բեկում մտցնել ռազմաճակատում։
Այլ տարբերակ չկա։
Հաղթելու ենք։