Ի դեպ. Վազգեն Մանուկյանի հայտարարության ու արձագանքների մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հանրային-քաղաքական շրջանակներում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկման առարկա էր դարձել Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։Նախկին վարչապետն ու պաշտպանության նախկին նախարարն հայտարարում էր, թե չնայած մեր ժողովրդի հերոսական պայքարին, ապրում ենք մեր պատմության ամոթալի և կործանարար էջերից մեկը։
Իսկ կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը եւ բեկում մտցնել, Վազգեն Մանուկյանը պատասխանում էր, թե այո, բայց ոչ ներկա կառավարման օրոք։ Նրա կարծիքով ելքը այս կառավարության հրաժարականն է։ Բանակը պետք է իր ձեռքը վերցնի իշխանությունը, ձեւավորի միասնական պաշտպանության կոմիտե, կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները և գնա բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։Վազգեն Մանուկյանի խոսքերով սա է միակ փրկությունը, հակառակ պարագայում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Այս հայտարարությանը, ինչպես եւ սպասվում էր, դրական արձագանքեցին «հին գվարդիայի» որոշ անդամներ, ավելին՝ համարեցին, որ սա հանրային պահանջ է։ Իսկ հանրությունը, որ փոքր ինչ շփոթված էր վարչապետի՝ նախորդ օրվա ուղիղ եթերից, բոլորովին էլ այդ կարծիքին չէր։
Ճիշտ հակառակը։Հանրային ու քաղաքական շատ գործիչների համոզմամբ սա ոչ թե փրկություն է կամ ելք, այլ պատերազմի ժամանակ երկիշխանություն հաստատելու, սողացող հեղաշրջման փորձ։ Թվում էր, թե Վազգեն Մանուկյանի նման քաղաքական փորձառություն ունեցող գործիչը պիտի որ նման հայտարարություն անելուց առաջ խորհրդակցած ու որոշակի ընդհանուր հայտարարի եկած լիներ ոչ միայն պայմանականորեն ասած «14-ի ֆորմատի» կուսակցությունների, այլեւ զինվորական դասի՝ բանակի հրամանատարության, գեներալիտետի հետ։Սակայն Վազգեն Մանուկյանի հայտարարությանը հետեւեց ՀՀ Պաշտպանության նախարարության ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի համատեղ հայտարարությունը, որտեղ խստորեն դատապարտում էր Հայաստանի քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջևհակասություններ սերմանելու փորձերը:
Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: Ավելին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից։ Եւ ուրեմն, եզրակացությունը մեկն է՝ պատերազմի ժամանակ Հայաստանում երկիշխանություն չի լինելու, պատերազմի ժամանակ իշխանափոխություն չի լինելու։
Իսկ ավելի պատկերավոր՝ գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում։