Ի դեպ. Հրադադարի 3-րդ փորձի մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին, ուշ երեկոյան հրապարակվեց ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը հերթական հրադադարի մասին։ Մինչ այդ, հիշեցնեմ, տապալվել էին հումանիտար հրադադարի ռուսական եւ ֆրանսիական նախաձեռնությունները եւ հերթը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի մյուս համանախագահինն էր՝ ԱՄՆ-ինը։ Եւ ուրեմն Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի հոկտեմբեր 1-ի հայտարարությանը համաշունչ։
Հրադադարի հայտարարությունը թեեւ որոշակի լավատեսություն առաջացնում էր՝ ենթադրվում էր, որ ՌԴ եւ Ֆրանսիայի ձախողված նախաձեռնություններից հետո ԱՄՆ-ն չի գնա նման ռիսկի, եթե վստահ չլինի դրա իրագործելության հարցում, այդուամենայնիվ այդ լավատեսությունը խիստ զգուշավոր էր՝ ինչո՞ւ պիտի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի վրա հոխորտացող Էրդողանը ազդվի այդ հայտարարությունից։ Ադրբեջանի մասին չենք խոսում, նա այլեւս ինքնուրույն որոշում կայացնող չէ։ Ու մինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհավորում էր հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով, Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը։ Ավելին, Ալիեւը, որ նախօրեին խոսում էր Հայաստանին տրամադրվող ժամանակակից զենք զինամթերքի մասին, կարծես այդկերպ արդարացնելով իր՝ հրադադարի գնալու քայլը, այսօր արդեն չի բացառում F-16 կործանիչների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում։ Սա արդեն սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, եւ եթե կուզեք՝ ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ։
Սրա գիտակցումը աշխարհում, թեեւ ոչ մեզ համար ցանկալի արագությամբ, բայց կածես արդեն նշմարվում է, դրդելով որոշակի, կոնկրետ քայլերի։ Արդեն ժամանակն է, տեսնել, թե ինչ կոնկրետ քայլերի են պատրաստ ԵԱՀՄ Մինսկի խմբի անդամ երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, ով ասում է, թե հակամարտության հարցում տարբեր են ՌԴ եւ Թուրքիայի կարծիքները, Էմանուել Մակրոնը, ով արձանագրում է, որ Թուրքիան հատել է կարմիր գծերն ու հետ է կանչում Անկարային իր դեսպանին եւ Դոնալդ Թրամփը, որ ի լուր աշխարհի հայտարարում է, թե ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը:Առաջիկա օրերին կերեւա։ Անկախ ամեն ինչից, այլ տարբերակ չունենք, հաղթելու ենք։