Ի դեպ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձների մասին
Ի դեպԻ դեպ, Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում ակտիվ քննարկումների առարկա է դարձել նախօրեին, «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անդրադարձը ղարաբաղյան հակամարտությանը ու ընթացող պատերազմական գործողություններին։ Պուտինի ուղերձների վերաբերյալ կարծիքներն ու արձագանքները տարբեր են։ Մի մասը ոգեւորված ծափահարում է, մյուս մասը մատնանշում ուղերձների՝ մեզ համար վտանգավոր հատվածները։ Իհարկե, մեզ համար դրական ու ականջահաճո է, որ Ռուսաստանի նախագահն այս հակամարտությունը դիտարկում է ոչ թե որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այլ որպես էթնիկ դիմակայություն։Նա վերհիշում է Սումգայիթի ջարդերը եւ փաստում, որ հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրագործվել, եվ որ այս ամենը պետք է հաշվի առնվի հանրագումարում։ Բռավո։
Մյուս կողմից սակայն նա նշում է, թե «այն իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասը կորսված է, չի կարող հավերժ շարունակվել»: Հասկանալի է, որ այս հայտարարության տակ ռուսական, կամ ինչպես ընդունված է ասել, Լավրովի պլանն է, որը այն ժամանակ ենթադրում էր հայկական ուժերի հետքաշում հինգ շրջաններից, Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ ամուր կարգավիճակ, որը չէր ենթադրում վերադարձ Ադրբեջանի կազմ, բայց նաև չէր ենթադրում անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում՝ կամարտահայտության ճանապարհով: Պիտի ենթադրել, հիմա հենց սա է առաջարկվում, հնարավոր է ինչ որ նրբերանգային փոփոխություններով։ Ինչպես կվերաբերվեն կողմերն այս առաջարկին հիմա, երբ Ադրբեջանն ընտրել է խնդրի լուծման ռազմական ճանապարհը, իսկ Հայաստանն արձանագրել է, որ խնդիրն այս փուլում դիվանագիտական լուծում չունի, դժվար է նույնիսկ ենթադրել։
ՌԴ նախագահի խոսքում կարեւոր ուղերձները բավական շատ էին, բայց անդրադառնանք դրանցից եւս մեկին, որ վերաբերում է Թուրքիային։ Հայաստանում շատերին թվում էր, որ եթե Թուրքիան մտել է ռուսական ազդեցության գոտի, ապա Ռուսաստանն ավելի կոշտ եւ սուր պիտի արձագանքեր, կանգնեցնելով պատերազմն ու բոլորին իրենց տեղը ցույց տալով։Պուտինն ավելի զուսպ, հանդարտ ու հավասարակշիռ էր, Ռուսաստանի ազգային շահերի ճշգրիտ հաշվառմամբ։ Իսկ այդ շահերի մեջ Թուրքիան կարեւոր օղակ է՝ իր 20 մլրդ դոլոր առեւտրաշրջանառությամբ։ Ռուսաստանն իհարկե կփորձի ինչ որ լուծումներ գտնել, թեկուզ միջանկյալ, սակայն ըստ որոշ փորձագիտական գնահատականների, հավանական է, դա լինի ռուս-թուրքական համաձայնությունների տիրույթում։ Սպասենք, տեսնենք։