Ի դեպ. պատերազմի ու Թուրքիայի մասին
Ի դեպԻ դեպ, պատերազմի մեկնարկից շատ չանցած, երբ հայտնի դարձավ Թուրքիայի ակտիվ ներգրավվածության մասին, այլեւս ակնհայտ էր, որ սա պատերազմ է, ոչ միայն Արցախի համար։ Ակնհայտ էր, որ Թուրքիայի ագրեսիվ գործողությունները Հարավային Կովկասում մաս են կազմում նրա պանթյուքիստական ու պանիսլամիստական ծրագրերի, Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս շատ կոնկրետ պրագմատիկ նպատակներով, իսկ այդ նպատակների իրագործման համար Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են՝ իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար։
Սա Թուրքիայի նպատակն է երկարաժամկետ հեռանկարում։ Իսկ դրան հասնելու համար կան կարճաժամկետ ծրագրեր։ Թուրքիային անհրաժեշտ էր նախ կլանել Ադրբեջանը։Այս խնդիրը Թուրքիան արդեն լուծել է։Ադրբեջանն ըստ էության, արդեն ոչ թե անկախ պետություն է, որոշումներ կայացնելու սուվերեն իրավունքով, այլեւ Թուրքիայի վիլայեթներից մեկը՝ իր ադմինիստրացիայով։
Իսկ վիլայեթի ադմինիստրացիան իրավասու չէ անգամ հումանիտար հրադադարի շուրջ որոշումներ կայացնել, էլ ուր մնաց բանակցություններ վարել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Եթե Թուրքիայի գործոնը չլիներ, Ալիեւը վաղուց էր գնացել հրադադարի ու խելոք նստել բանակցային սեղանի շուրջ։Հիմա, երբ հրադադարի պայմանավորությունները Թուրքիայի «բարձր հովանու ներքո» չեն պահպանվել, Թուրքիան հարկադրում է Ադրբեջանին շարունակել պատերազմը եւ բացեիբաց հայտարարում պատերազմական գոտի զորք ուղարկելու իր պատրաստակամության մասին։ Սա պարզ ու անթաքույց մարտահրավեր է Ռուսաստանին այն մասին, թե Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի, այդ երկրի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն հենց այդպես էլ ասել է: Թուրքիան ձգտում է Հարավային Կովկասում հասնել առնվազն Ռուսաստանին հավասար, եթե ոչ ավելի կարեւոր դերակատարման։
Թուրքիան այս նպատակին հասնելու համար փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ Ուկրաինայում, եւ այլուր, ինչը նաեւ քաղաքական սակարկությունների լայն դաշտ է ստեղծում։ Հիմա ամբողջ հարցն այն է, թե ինչպես այս ամենին կարձագանքի Ռուսաստանը։Կփորձի ուղիղ կամ երրորդ երկրների միջոցով, երկխոսությամբ ընդհանուր հայտարարներ փնտրել, թե իրեն կպահի գերտերության նման՝ ձեռքը սեղանին խփելով։
Առաջիկայում կերեւա։ Մինչ այդ, պատերազմը շարունակվում է,Հայաստանում մեծ թափ է ստանում կամավորական ջոկատների կազմավորումը։ Սա մեզ համար պատերազմ է ոչ միայն մեր երկրում ապրելու իրավունքի, այլեւ հզոր հայրենիք ունենալու համար։
Եւ մենք հաղթելու ենք։ Այլ տարբերակ չունենք։