Ի դեպ. Պատերազմի, հումանիտար հրադադարի ու ԱՄՆ-ի մասին
ADTVԻ դեպ, ԱՄՆ Նեւադա նահանգի Քերսոն քաղաքում անցկացրած հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփն այսօր խոսել է նաեւ հայերի մասին:Նա ասել է, թե «Հայերը լավ մարդիկ են, սիրում են իրենց երկիրը, նաեւ` հիանալի գործարարներ են, ի դեպ: Երբ ես գալիս էի, ճանապարհին բազմաթիվ հայերի տեսա` գեղեցիկ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ ձեր ոգուն, հայերը հզոր ոգի ունեն իրենց երկրի նկատմամբ: Կաշխատենք ինչ-որ ուղղություններով»։ Սա մեջբերում էր։ Թրամփի խոսքերն իհարկե գոնե մեզ համար նորություն չեն, թեեւ հաճելի է, որ այդ մասին խոսում է նաեւ ԱՄՆ նախագահը։
Բայց վաղուց արդեն ժամանակն է ոչ թե հրճվել նմանատիպ ականջ շոյող հայտարարություններից, այլ հասկանալ թե այդ խոսքերի հեղինակը շատ կոնկրետ ու առարկայական, ինչ կարող է անել եւ ինչ է պատրաստվում անել մեզ համար ստեղծված պատերազմական բարդ իրավիճակում։ Եւ ուրեմն հարցն այն է, թե ինչ արժեք ունի Թրամփի խոսքը մեզ համար։ Դա պետք է ընդունել որպես նախընտրական ճա՞ռ՝ հայ համայնքին սիրաշահելու եւ ընտրությունների ժամանակ հայ ընտրողների ձայներին տիրանալու համար, թե՞ ԱՄՆ իրապես կաշխատի Կովկասում Թուրքիային զսպելու ուղղությամբ: Մի կողմից հարց է, թե ինչու պիտի ԱՄՆ-ն զսպի իր ՆԱՏՕ-ական գործընկեր Թուրքիային, որպեսզի վերջինս չհաստատվի Հարավային Կովկասում, ինչու պիտի ԱՄՆ-ն ցանկանա, որ Հարավային Կովկասում շարունակի պահպանվել մինչեւ սեպտեմբերի 27-ը գոյություն ունեցող ստատուս քվոն, որտեղ «արբիտրի» դերը վերապահված էր Ռուսաստանին։
ԱՄՆ-ն դրա համար, կարծես թե, պատճառներ չունի։ Մյուս կողմից սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչ էր նշանակում Թրամփի այն խոսքերը, թե կաշխատենք ինչ որ ուղղություններով։ Որոնք են այդ «Ինչ որ ուղղությունները»։ Գուցե խոսքը հումանիտար հրադադարի մասի՞ն է։ Հումանիտար հրադադարի ռուսական ու ֆրանսիական նախաձեռնությունների տապալումից հետո, հերթը կարծես թե ԱՄՆ-ինն է՝ ապացուցելու, որ հենց իր մոտ են գտնվում Թուրքիային զսպելու քաղաքական մեխանիզմները։ Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները չեն կարողացել զսպել Անկարային եւ հարկադրել , որ հումանիտար հրադադարը գործի առանց նախապայմանների, մնացել է Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկիրը՝ ԱՄՆ-ն։Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ձախողված նախաձառնությունների փորձը հուշում է, որ ԱՄՆ-ն, եթե նման մտադրություն ունի, ապա կգնա հրապարակային նախաձեռնության միայն այն ժամանակ, երբ վստահ կլինի, որ իր նախաձեռնությունն էլ չի տապալվի մյուսների նման։
Հակառակ պարագայում, ինչպես նշում են փորձագետները, նվազագույն բանը, որ կարող է անել ԱՄՆ-ն, առնվազն Ռուսաստանին չխանգարելն է, կամ՝ լավ կլիներ՝ օգնելը։Ինչ կանի ԱՄՆ-ը առաջիկա օրերին կերեւա։ Անկախ դրանից ու անկախ ամեն ինչից, մեկ այլ տարբերակ չունենք, քան հաղթելը։