Ի դեպ. Հայտարարված հրադադարի եւ Ռուսաստանի դերակատարության մասին
Ի դեպԻ դեպ, այն բանից հետո, երբ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ շուրջ 11 ժամ տեւած բանակցություններից հետո հայտարարվեց հումանիտար հրադադարի մասին, շատերին էր թվում, որ սահմանված ժամին մարտական գործողությունները կդադարեն, տեղի կունենա դիակների փոխանակում, իսկ դիվանագիտական հարթության մեջ համաձայնություն ձեռք կբերվի հարցը բանակցային հարթություն տեղափոխելու շուրջ։
Այդպես էին մտածում գրեթե բոլորը, բացի Թուրքիայից։ Եւ այն, որ հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանը առանց դադարի շարունակեց հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի բնակավայրերին, թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները, իրականում Թուրքիայի ուղերձն էր Ռուսաստանին։ Գնդակը հայտնվեց Ռուսաստանի դաշտում եւ բոլորը սպասում էին, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը։ Ռուսաստանը պատրաստ եւ ի զորո՞ւ է տեր կանգնել իր նախաձեռնած գործընթացին ու ապահովել դրա իրականացումը, թե՞ պատրաստվում է հրաժեշտ տալ իր ռազմաքաղաքական գրեթե մենաշնորհային դերին, հեղինակությանը, համակերպվել այն մտքի հետ, որ այստեղ դերակատար է դառնում Թուրքիան, ով փորձում է գծել քաղաքական նոր քարտեզը, կատարել նոր դերաբաշխում, իր գլխավոր դերակատարմամբ։
Երկրորդ տարբերակը անհավանական է բնականաբար, եւ հենց այստեղ ռուսական քարոզչությունը շրջանառության մեջ է դնում այն միտքը, թե «չեն ուզում լսում Լավրովին, կլսեն Շոյգուին»։ Այս միտքը ինչքան էլ առաջին հայացքից ոգեւորիչ, այնքան էլ, գոնե այս պահին անիրատեսական է։ Ճիշտ է, Ռուսաստանը բոլոր հիմքերն ունի պաշտպանելու Հայաստանին, այդ թվում ՀԱՊԿ շրջանակներում, բայց Ռուսաստանի համար կարեւոր է ոչ միայն այն, թե ում վրա են հարձակվել, այլ նաեւ այն, թե ով է հարձակվել։ Ադրբեջանը Ռուսաստանի համար թշնամի պետություն չէ ինչպես մենք՝ Թուրքիայի, իսկ Թուրքիան, թեեւ բարդ, տեղ-տեղ անկառավարելի, բայց գործընկեր է Ռուսաստանի համար։ Այս ամենն իհարկե չի նշանակում, թե Ռուսաստանը կարող է համաձայնել դերի ու հեղինակության կորստի հետ։
Այս փուլում գործը Շոյգուին չի հասնի, բայց Լավրովը կշարունակի գործել։ Հենց այս մասին էր այսօր Մոսկվայում ՌԴ եւ ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման գլխավոր ուղերձը։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի հանդիպման արդյունքում, անշեղորեն կպահպանվի: Անշեղորեն պահպանելու հարցում իհարկե խնդիրը ոչ թե Ադրբեջանն է, այլ Թուրքիան։ Լավրովը տեղեկացրեց, որ խոսել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ եւ հայտարարեց Անկարայի կողմից Ղարաբաղի հարցով Բաքվի եւ Երեւանի որոշումներին աջակցելու համաձայնության մասին։ Սպասենք տեսնենք։ Իսկ մինչ այդ ռազմաճակատում ծանր մարտերը շարունակվում են ու մենք այլ տարբերակ չունենք՝ հաղթելու ենք։