Ի դեպ. Վարչապետի սկանդալային գրառման եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության մասին
Ի դեպԻ դեպ, այսօր հերթական «ռումբը» պայթեց թիկունքում, տեղեկատվական դաշտում։ Պայթեցնողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց առաջնագծից ստացած մի ահազանգի վերաբերյալ։ Ըստ այդմ, վարչապետը մի քանի օր առաջ ահազանգ է ստացել այն մասին, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, եւ որ դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով՝ ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:
Վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում: Մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, թե ով է այդ մարդը, ում թիմակիցն է, բայց առաջ չընկնենք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ՝ քաղաքական ուղղորդման վարկածը։ Հասկանալի է, վարչապետը հազիվ թե նման բան հայտարարեր, եթե չունենար բավարար փաստեր, ասել է, թե այս ամենը բավական լուրջ է։
Բայց ունենք այն, ինչ ունենք։ Այս տեղեկության հրապարակումից հետո բնական է, որ պետք էր սպասել ԱԱԾ տնօրենի հրաժարականին։Դեռ այն ժամանակ, երբ Արգիշտի Քյարամյանը կարիերայի հսկայական թռիչք ունեցավ, հիշում եք՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնից Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ԱԱԾ տնօրենի տեղակալ ապա տնօրեն, շատերն էին զարմացած, թե այդ ինչպես կարող է երիտասարդ, կենսափորձ չունեցող մարդը ղեկավարել երկրի անվտանգության ծառայությունը։Բայց հիմա հարցն այլ է։ Խնդիրը նրա ոչ պրոֆեսիանալ լինե՞լն է, որ նախապես չի իմացել ու կանխարգելել առաջնագծում առեւերույթ տեղի ունեցածը, թե՞ ԱԱԾ արդեն նախկին պետի գործունեությունը այլ, ավելի վտանգավոր կասկածներ է առաջացրել։ Սպասենք քննությանը։Մինչ այդ չափազանց կարեւոր է, որ կադրային նման փոփոխությունները «տեկտոնոկան» ցնցումներ չառաջացնեն ազգային անվտանգության համակարգում եւ այն լինի իշխանուիթյան վերահսկողության ներքո։