Ի դեպ. Արցախի հարցով ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարության մասին
Ի դեպ
Ի դեպ, այն պահից, երբ փաստացի ապացուցվեց Թուրքիայի ոչ միայն քաղաքական այլեւ ռազմական միջամտությունն ու մասնակցությունը սեպտեմբեր 27-ից մեկնարկած պատերազմին, ակնհայտ էր, որ հակամարտությունը դուրս է գալիս հայ-ադրբեջանական շրջագծից, որ սա այլեւս ոչ միայն Ղարաբաղի հարց է, ոչ միայն հայ ժողովրդի անվտանգության հարց է, այլեւ միջազգային անվտանգության։ Ըստ այդմ, Հայաստանը պայքարում է ահաբեկչական երկու պետությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, Հայաստանը պաշտպանում է միջազգային անվտանգությունը։ ՀՀ վարչապետի խոսքով, 100 տարի անց Թուրքիան փորձում է վերադառնալ Հարավային Կովկաս շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա կարելի է ասել Թուրքիայի «մաքսիմում» ծրագիրն էր, իսկ «մինիմումը», ենթադրաբար, հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատի փոփոխությանը հասնելն էր, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն իր մասնակցությամբ այլ ձեւաչափ ստեղծելով։ Ստեղծված իրավիճակում, պետք է, որ, ասենք այսպես՝ «տեղից շարժվեր» պատերազմի առաջին 3-4 օրերին հակամարտության կողմերից հավասար «սոցիալական հեռավորություն» պահպանող միջազգային հանրությունը։ Միջազգային հանրության «տեղից շարժվելու» դրսեւորումներից մեկը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստն, էր, որի արդյունքում ընդունված հայտարարությունը թեեւ այնքան էլ մեր սրտով չէր, սակայն կարեւոր նրբերանգներ պարունակում էր։ Այն, որ բանաձեւ չընդունվեց, նախկինում ընդունված ու Ալիեւի շատ սիրած բանաձեւերին որեւէ հղում չարվեց, փոխարենը վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձեւաչափի առանցքային դերը հակամարտության կարգավորման հարցում։ Սրան հաջորդեցին արդեն ՌԴ-ի եւ Իրանի ԱԳ նախարարությունների հայտարարությունները ահաբեկիչների ու վարձկանների անթույլատրելի մասնակցության մասին։ Այսօր արդեն, խաղի մեջ մտավ «ծանր հրետանու» եռյակը։ Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են տարածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները: Մեջբերում.«Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ ստանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բարխղճորեն և առանց նախապայմանների հակամարտության կարգավորման առարկայական բանակցությունների վերսկսման պարտավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։ Ժողովրդա-խոսակցական լեզվով ասած՝ Հայաստան ու Ադրբեջան ձեզ ենք ասում, Թուրքիա, դու հասկացիր։