Ի դեպ. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի՝ ՄԻԵԴ որոշման մասին
Ի դեպԻ դեպ, եթե մինչ այժմ հայ-ադրբեջանական եւ ընդհանրապես հակամարտությունների, կոնֆլիկտների, կարգավորման համար օգտագործվել են միայն միջազգային քաղաքական հարթակները, ապա հիմա, դրան զուգահեռ, Ադրբեջանական ագրեսիայի հարցը քննվում է իրավական հարթության մեջ՝ ՄԻԵԴ-ում։
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Նշենք, որ առհասարակ ՄԻԵԴ-ում միջպետական գանգատները տարածված երեւույթներ չեն, բայց նախադեպեր կան՝ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի, Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի եւ Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի։
Սա՝ ի դեպ։ Վերադառնալով մեր դիմումին, Հայաստանը պահանջում է պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, ինչպես նաեւ պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: ՄԻԵԴ-ն արդեն ընդունել է որոշում, որը սակայն վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Հայաստանին։ Սրանով հանդերձ սա հաջողություն է համարվում, նկատի է առնվում, որ բեռն ավելի շատ ընկնում է Ադրբեջանի կառավարության վրա։
Ինչ է որոշել ՄԻԵԴ-ը նման խախտումներ կանխելու համար։ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաեւ կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես կյանքի իրավունքի, խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի հոդվածների առումով։
Երկու կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։ Այստեղ բնական հարց է առաջանում, թե իսկ ի՞նչ կլինի, եթե կողմերից մեկը, այս դեպքում հաստատապես դա Ադրբեջանը կլինի, չկատարի այդ կոչը: Մասնագետներն ասում են, որ եթե կողմը չի պահպանում որոշման պայմանները, դա համարվում է կոնվենցիայի խախտում: Դատարանը դրան պետք է անդրադառնա իր վճռով: Դա բավականին լուրջ խախտում է, իրավական ու քաղաքական հետեւանքներով։