Ի դեպ. Հայ-ադրբեջանական պատերազմի եւ Վրաստանի մասին
ADTVԻ դեպ, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի համատեքստում բավական ուշագրավ զարգացումներ են արձանագրվում հայ-վրացական հարաբերություններում։ Դրա հանրային դրսեւորումներից մեկն այն էր, ինչ կատարվում էր նախօրեին հայ-վրացական սահմանին։ Վրաց իրավապահներն արգելում էին ջավախահայերի՝ Արցախի համար նախատեսված, հումանիտար ապրանքներով բեռնված մեքենաներին հատել վրաց-հայկական սահմանը։Սա բնականաբար լարվածություն էր առաջացրել, ի վերջո ջավախահայերին հաջողվեց հատել սահմանը։
Իսկ ընդհանրապես, վերջին օրերին Վրաստանի նկատմամբ դժգոհություն պարունակող գրառումներ են տարածվում սոցիալական ցանցերի հայկական տարածքում։ Որոշ օգտատերեր, Վրաստանին մեղադրում են ռուսական զենքն իր տարածքով Հայաստանին հասցնել թույլ չտալու մեջ, միաժամանակ նշում, թե Վրաստանը օգնում է Ադրբեջանին, Իսրայելից զենք ստանալու հարցում: Հիշեցնեմ, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված մարտերից օրեր առաջ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Վրաստանի կառավարությանը, իր խոսքերով «Հայաստանին զենք տեղափոխելու հնարավորություն չտալու համար», ինչը պաշտոնական Թբիլիսին չէր հաստատել:
Սրան հաջորդեց Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի երկու պատգամավորների հայտարարությունները, ովքեր աջակցություն էին հայտնում Ադրբեջանի ագրեսիային, շեշտելով, թե Հայաստանը սպառնալիք է Վրաստանի համար։ Նրանք Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացնելու եւ Հարավային Կովկասում անկայունություն մտցնելու և մեջ: Ավելին՝ Հայաստանին մեղադրում են Վրաստանի դեմ հանցագործության մեջ:
Դե իսկ Սահակաշվիլու հայտարարության մասին ավելորդ է խոսել։ Ինչեւէ։ Մի կողմից Վրաստանը մեր հարեւան ու բարեկամ երկիրն է, որի հետ ջերմ հարաբերությունները պետք է պահել ու պահպանել։ Մյուս կողմից այս օրերին մտահոգիչ հարցեր են առաջանում, որոնց պատասպանները հստակ չեն։Օրինակ, հնարավո՞ր է, որ Ադրբեջանը, Թուրքինան կամ այլ աշխարհաքաղաքական կենտրոններ նախնական աշխատանք են տարել Վրաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի հետ։Եթե այո, ինչ ազդեցություն է ունեցել այդ աշխատանքը։ Ինչ պլաններ են նախագծվել, ինչ է խոստացվել Վրաստանին։ Սրանցից ածանցվող, ներկա իրավիճակին ու հատկապես ապագային վերաբերող հարցերի մի շարան կա, որոնց պետք է անդրադառնալ։ Վրաստանում կոչեր են հնչում անհապաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ քննարկելու Վրաստանի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարված հարաբերություններում։
Նույնը պիտի վերաբերի նաեւ մեզ։ Պատերազմով պայմանավորված նոր իրավիճակում հավանաբար պետք է հայ-վրացական հարաբերությունների ինտենսիվացում, հստակեցում ու եթե կուզեք՝ վերբեռնում։