Ի դեպ. Համաճարակային իրավիճակի փոփոխության մասին
Ի դեպԻ դեպ, ինչքան էլ դաժան է, հարկադրված ենք վերադառնալ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման եւ համաճարակային իրավիճակի գնահատման թեմային։ Բանն այն է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ամենամեծ թիվը ունեցել ենք հուլիսի 6-ին։ Դրանից հետո իրավիճակը կայուն էր, թվերը նվազում էին, արդեն կամա-կամաց վերադառնում էինք կյանքի բնակոնոն ընթացքին, փողոցներում այլեւս ամեն քայլափոխի չէինք լսում բարձրախոսներով հնչող հայտարարությունները հակահամաճարակային կանոնները պահպանելու մասին, բայց շարունակում էինք տուգանվել։ Այսինքն մեզ ամենաշատ անհանգստացնող հարցը ոչ թե համավարակի տարածումն էր, այլ դիմակ չկրելու համար կոշտ վարչարարությունը։ Բայց այս կայուն վիճակը շարունակվեց մինչեւ սեպտեմբերի 11-ը։ Սեպտեմբերի 11-ից հետո կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը աճում է։ Մասնագետներն ասում են՝ իրենց համար անսպասելի չէր, ակնհայտ էր, որ իրավիճակի կայունությունը ասենք այսպես՝ ժամանակավոր հրադադար էր միայն եւ ընդամենը։
Ի դեպ, իրավիճակի այս փոփոխությունը միայն Հայաստանում չէ, որ գրանցվել է: Եվրոպական մի շարք երկրներում համավարակի երկրորդ, ավելի մեծ ալիք է մեկնարկել։ Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով ստեղծված իրավիճակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ եւ այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից։ Միաժամանակ, տեսչական մարմիններն ու ոստիկանությունը պետք է ուժեղացնեն հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։ Մասնագետները, չհերքելով ու հաստատելով վարչապետի ասածը, միաժամանակ նկատում են, որ ավելի շատ խոսվում է այն մասին, թե ինչ պիտի անենք մենք քաղաքացիներս, ավելի քիչ է խոսվում այն մասին, թե ինչ պիտի անեն կառավարությունն ու լիազոր մարմինը, տուգանելուց առաջ, հետո եւ ընթացքում։ Այն է՝ թեստավորում, հիվանդների բուժում, կոնտակտավորների հայտնաբերում եւ մեկուսացում։
Ինչեւէ, համաճարակային իրավիճակի փոփոխությունը, չի բացառվում, որ բերի նոր սահմանափակումների, այդ թվում մարդաշատ միջոցառումների ու հանրահավաքների արգելման։ Սա արդեն պատրաստի ու «տաք ճաշ է» ընդդիմության քաղաքական «ճաշացանկում»։ Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, թե այդ ինչպես եղավ, որ թվերը սկսեցին աճել այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքի մասին։Առողջ եղեք։