ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է այն մասին, որ Արթուր Գևորգյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Այս մասին ArmDaily.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, իրացնելով իր լիազորությունները, արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ նրա հետախուզման շրջանակներում ՀՀ իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:
Հարկ է, սակայն, նկատի ունենալ, որ քրեական գործերով անձանց հանձնման ոլորտում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագրի բացակայությունը որոշակի առանձնահատկություններ է թելադրում հանձնման գործընթացի առավել բարդության տեսանկյունից»,- հայտնում են դատախազությունից։
Հիշեցնենք, այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգյանի փաստաբանը՝ Հրանտ Անանյանը հայտնեց, որ Արթուր Գևորգյանը քրեական գործով չի կալանավորվել ու քրեական գործով ինքը չի գտնվում որևէ կալանավայրում։ Մենք դեռ օրեր առաջ ունեինք այս տեղեկությունը, սակայն այն ժամանակ ևս փաստաբանրը հերքել էր։
Հավելենք, որ ապրիլի 9-ին Արթուր Գևորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

