Ի դեպ. ՀՀ ՌԴ կանոնավոր ավիաչվերթները չվերականգնելու հավանական պատճառների մասին
ADTVԻ դեպ, օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ անդամ երկրներ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է, որի հետ ՌԴ-ն դեռ սահմանները չի բացում։ Հիշեցնեմ, դեռ սեպտեմբերի սկզբին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ աշխատանքներ տանել կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։
Ստացվում է, որ այդ բանակցություններն արդյուք չեն տվել։ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ լրագրողներին ասել էր, թե նման հարցերը, բնականաբար, քննարկվում են և երկկողմ մակարդակում և ԵԱՏՄ շրջանակում, սակայն վերջնարդյունքում որոշիչ է համաճարակային իրավիճակը։
Չնայած դեսպանի նմաօրինակ պարզաբանմանը, ավելի արժանահավատ են թվում պնդումներն այն մասին, որ ՌԴ այս որոշումը ավելի շատ ու ավելի շուտ քաղաքական է, քան առողջապահական։Նախ, վերջին շրջանում Հայաստանում վարակակիրների վիճակագրությունը նկատելիորեն նվազել է եւ հետո, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես կարող է Հայաստանն իր բնակչության, հետեւաբար դեպի Ռուսաստան ուղեւորվողների փոքր թվով լուրջ վտանգ ներկայացնել հսկա Ռուսաստանի համար։Եւ հետո՝ համաճարակային իրավիճակը ԵԱՏՄ այն երկրներում, որոնց հետ ավիահաղորդակցությունը վերականգնվել է, Հայաստանից առանձնապես չի տարբերվում։ Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում ՌԴ նման որոշման տարբեր պատճառներ ու վարկածներ են դիտարկվում։ Դրանցից մեկը կապված է ռուսական պատվաստանյութի հետ։
Նշվում է, որ Ռուսական մերձկառավարական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ այն երկրները, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը ներս է թողնում, հետաքրքրված են ռուսական պատվաստանյութով և անգամ բանակցություններ են վարում։ Հայաստանի հետ այդպիսի քննարկում չկա։ Կարելի է ենթադրել, որ սա կարող է լինել Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը փակ պահելու գործոններից մեկը։ Մյուս գործոնը կարող է լինել այն, որ ՌԴ-ն օդային հաղորդակցությունը, ավելի ճիշտ՝ դրա սահմանափակումը օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք՝ խթանելով հանրային դժգոհությունը ՀՀ կառավարության նկատմամբ։Իսկ այդ դժգոհությունն արդեն կա եւ արտահայտվում է կառավարության մոտ, այն մարդկանց բողոքի ակցիաներով, ովքեր աշխատել ու իրենց հացը վաստակել են ՌԴ-ում, իսկ հիմա զրկված են այդ հնարավորությունից։ Իսկ այդ դժգոհության «կրակի վրա յուղ լցնողների» ու «ձեռքերը տաքացնողների» պակաս՝ հաստատ չկա։