Ի դեպ. «Դոսյե» կենտրոնի հրապարակումների, գործակալների ու սպասվող քրեաիրավական գնահատականների մասին
ADTVԻ դեպ, այսօր սեպտեմբեր 21-ն է, այսօր ՀՀ-ում նշվում է անկախության տոնը։ Ուրախության, հպարտության, շնորհավորանքների եւ ուղերձների համապատկերում բավական ուշագրավ էին նախօրեին ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակումներն այն մասին, թե ինչպես է Կրեմլը միջամտում հարեւան երկրների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին։
«Դոսյեն» ըստ շրջանառվող տեղեկությունների, պատկանում է Կրեմլի ամենակոշտ քննադատներից մեկին՝ մեծահարուստ Վլադիմիր Խոդորկովսկուն, ով հիմա արտասահմանում է,վտարանդու կարգավիճակով։Ըստ հրապարակումների, Ռուսաստանը այլ երկրների գործերին միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից: Իր տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերից «Դոսյե»-ն պարզել է, որ Չերնովը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց։ Գործակալները հատուկ ուշադրությամբ հետևել են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այդ հրապարակումներում կարելի է հանդիպել բազմաթիվ ծանոթ անունների, այդ թվում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենների անուններին, եւ անհայտ կեղծանունների՝ Կանդիդատ, Միշա, Սվետլանա Մաքսիմովա եւ այլն։ Սույն Սվետլանա Մաքսիմովան, օրինակ, հաղորդել է, թե, մեջբերում եմ՝ «Մինչեւ օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց:
Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»։ Թե ինչ կոշտ սցենարի մասին է խոսքը, կարելի է միայն ենթադրել: Հայաստանի ԱԱԾ-ն Ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված փաստաթուղթը դիտարկում է որպես հաղորդում հանցագործության մասին եւ պատրաստվում է քրեաիրավական գնահատական է տալ այդ հոդվածում զետեղված փաստերին, որոնք արդեն ուսումնասիրվում են։
Իսկ մինչ այդ «Դոսյեի» հրապարակումները շարունակում են ալեկոծել Հայաստանի ներքաղաքական դաշտը, նորից, կրկին ու դրաձյալ առաջին պլան մղելով լուստրացիայի անհրաժետության մասին պնդումները,շատ պարզ տրամաբանությամբ՝ որպեսզի նման զեկույցներ չվերլուծենք՝ կլինի դա «Վիկիլիքս», թե «Դոսյե», անհրաժեշտ է լյուսրտացիա իրականցնել։ Ինչպես ասում են, «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»՝ հրապարակման մեջ նշված իրական անձանց գործունեությունից, մինչեւ կեղծանունների բացահայտում։ Հասկանալի է, որ հարցը նաեւ հայ-ռուսական հարաներությունների տիրութում է։ Այստեղ, հրապարակային մակարդակում կարծես թե ամեն ինչ հրաշալի է, վկան՝ այսօր ՌԴ-ից ստացված շնորհավորանքները, իսկ իրականում նկատելի է, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ շրջան են ապրում, ինչքան էլ պաշտոնական Երեւանը ձգտում է չսրել եւ հարթել սուր անկյունները։
Իսկ «Դոսյեի» մասով՝ սպասենք նոր բացահայտումների մասին հրապարակումների, այնքանով, որքանով դրանք հնարավոր կամ նպատակահարմար կլինեն։