Սեպտեմբերի 11-ին ժամը 17:00-ին կավարտվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը։ Ավելի վաղ՝ կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ արտակարգ դրության ռեժիմը այլևս չի երկարացվի, սակայն օրենսդրական փոփոխությունը թույլ կտա պահպանել սահմանափակումները։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ պարետատունը հակված է կինոթատրոնները վերաբացել՝ հատուկ նորմեր ու հակահամաճարակային կանոններ սահմանելով։
ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնեց, որ դեռևս հստակ որոշում չկա, այժմ քննարկումներ են ընթանում. «Բոլոր սահմանափակումները, որոնք եղել են մինչ օրս, ամենայն հավանականությամբ կշարունակվեն, դրա մասին ամենաուշը հայտնի կլինի վաղը։ Այս պահին Առողջապահության նախարարությունը աշխատում է այն սահմանափակումների կանոնների վրա, որոնք շարունակելու են գործել։ Ամենայն հավանականությամբ մի շարք սահմանափակումներ շարունակելու են գործել՝ կինոթատրոնները, զվարճանքի կենտրոնները և այլն»։

