Ի դեպ. Ապրիլյան քառօրյայի հանգամանքների վերաբերյալ սպասվող զեկույցի մասին
Ի դեպԻ դեպ, Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն ավարտում է աշխատանքը եւ շատ շուտով այն կներկայացնի ԱԺ նախագահին՝ որպեսզի նրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Աշխատանքի ընթացքում հանձնաժողովի անդամներն իհարկե որոշ տեղեկություններ հաղորդել են, բայց ակնկալվում է, որ զեկույցի հրապարակումից հետո կստանանք շատ ավելի շատ հարցերի պատասխաններ։ Ավելի շատ, բայց հասկանալի պատճառներով՝ ոչ բոլոր։ Ինչպես Քոչարյանն է նշում, զեկույցն ունենալու է հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի եւ բաց տիրույթներ, որոնց, նախատեսված չափով, հնարավորություն կտրվի տեղեկանալ թե հասարակությանը, թե ԱԺ պատգամավորներին, թե անվտանգության մարմինների հիմնական պատասխանատուներին։
Ի դեպ, հանձնաժողովի նախագահը նշել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներն ամբողջությամբ կարողանան ծանոթանալ զեկույցի բոլոր մանրամասներին: Հուսանք, զոհվածների ծնողները կստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ այդ հարցերը, որոնք ապրիլյան պատերազմից հետո հնչում, շրջանառվում ու տեղ-տեղ էլ շահարկվում են, բավական շատ են։
Հիշեցնեմ, իր վերջին ասուլիսում թեմային անդրադարձավ նաեւ այն ժամանակ Հայաստանի նախագահ ու գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Խոսելով Կարեն Կարապետյանի այն հայտարարության մասին, որ ապրիլյան պատերազմի օրերին դիզվառելիքի հետ կապված խնդիր է եղել, Սերժ Սարգսյանն ասել էր, թե նա վրիպել է։ Անդրանիկ Քոչարյանն հակադարձում է. Մեջբերում. «Ինչ եք ասում, բա 2016-ից մինչև 2018 թվականը Սերժ Սարգսյանը հնարավորություն չունե՞ր Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, խի ես վրիպել։ Վարչապետը վրիպու՞մ ա։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ուներ, թե ոչ, քանի որ այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա։ Ես ասել եմ, որ ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում, դիրքերում մեր զինվորները փամփուշտի և ուտելիքի խնդիր չեն ունեցել։ Սկզբնական փուլը դա այն մինիմալն է, որը դրված է դիրքում, բայց եկել է մի պահ, երբ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են շատ սահմանափակ։ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքում նաև մենք տալու ենք բացատրություն, թե ինչու է այդպես եղել»։
Ինչեւէ, ամենայն հավանականությամբ զեկույցը կտա շատ հարցերի պատասխաններ, սակայն դա բնավ էլ չի նշանակում, թե կրքերը կհանդարտվեն ու թեման կփակվի։ Կախված նրանից, թե ինչ բնույթի բացահայտումներ կհրապարակի հանձնաժողովը, շատ հավանական է, որ ասելիք կունենան նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նախկին գերագույն գլխավոր հրամանատարը։