Ի դեպ. Մարտի 1-ի գործով զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարության մասին
ADTVԻ դեպ, այսօր բավական ուշագրավ ու անսպասելի զարգացումներ տեղի ունեցան, որոնք ուղղակիորեն առնչվում են մարտի 1-ի գործով դատավարությանը։ Զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները հայտարարեցին, որ դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին: «Այժմ, երբ նախաքննությունն, ըստ էության, դադարեցված է մարտի 1-ի հիմնական գործով, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և դատական նիստերի դահլիճում տիրում է կամայականությունն ու թողտվությունը, որն ուղղված է սահմանադրությամբ հռչակված արժեքների և իրավունքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարողանում է կարծես իրականացնել միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունն այդ անբովանդակ միջոցառմանը»,- ասաց փաստաբան Եգորյանը:Նրա կարծիքով, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցության փոխարեն շատ դեպքերում ի հայտ են գալիս հակազդման կամ սաբոտաժի դրսևորումներ։
Փաստաբան Սեդա Սաֆարյանի ունեցած տեղեկություններով՝ օպերատիվ տվյալների իրացման գործընթացքում երկու տարի շարունակ ԱԱԾ-ում տեղեկատվության հոսք է եղել, ինչը շատ բացասական է անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա, որը զբաղվում է Մարտի 1-ի մայր գործի նախաքննությամբ։ Սեդա Սաֆարյանը գտնում է, որ, մեջբերում եմ՝ «Մարտի 1-ի թեմայից ընդհանրապես շեղվել են, այն փաստական հանգամանքները, որ տեղ են գտել մեղադրական եզրակացության մեջ, այսօր քննարկվելիք նյութի հետ առնչություն չունեն, եւ իրենք շատ վախեցած են, որ այդ փաստերը կհրապարակվեն, եւ ո՛չ Քոչարյանը, ո՛չ պաշտպանները այլեւս չեն ասի՝ մեղադրանքը ջուր է»։
Ինչ վերաբերում է Քոչարյանի պաշտպաններին, ապա նրանք որեւէ արտառոց բան չեն տեսնում, ավելին, կարծում են, որ մարտի մեկին առնչվող այս գործում տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները որեւէ անելիք չունեն եւ շատ ճիշտ է նրանց չմասնակցելը դատական նիստերին։ Նրանց համոզմամբ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները անելիք կունենան մարտի մեկի մայր գործի դատական նիստերի ժամանակ։ Ինչեւէ. զոհերի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների այս որոշումը, պատկերավոր ասած, բողոքի ակցիա է ոչ միայն դատարանի գործող կազմի այլեւ ընդհանրապես դատական համակարգի՝ այդպես էլ չիրականացված բարեփոխումների դեմ։ Բարեփոխումներ, որոնց մասին խոսվում է, խոսվում է հեղափոխությունից ի վեր, բայց կարծես միայն խոսվում է։ Վեթինգի ականջը կանչի։