Դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, կռիվ է եղել, մեկը մյուսին հայհոյել են։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը՝ անդրադառնալով օգոստոսի 31-ին համայնքի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքին։
«Ասում են տան տերը, ում տանը որ տեղի է ունեցել միջադեպը, այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Մահացողը Բերդ քաղաքից է եղել, իսկ սպանողը՝ Երևանից։ Երևանցի տղան մեր գյուղի թոռ է, երկու-երեք տարին մեկ անգամ գալիս է գյուղ, իր մայրն է մեր գյուղից, բայց ինքը գյուղում երբեք չի ապրել։ Մենք իրեն ճանաչում ենք որպես ադեկվատ, խելոք խելացի տղա։ Ես չգիտեմ պատճառն ինչ է եղել, որ նման բան է արել, հնարավոր է, որ դիտավորություն չի եղել, չեմ կարծում, որ սպանելու մտադրությամբ է արել։ Կարծեմ ամուսնացած էր, բայց չեմ կարող հստակ ասել։ Այդ փողոցում 7 ընտանիք է, բոլորը իրար բարեկամ են, սպանող երիտասարդն էլ տան տիրոջ հետ բարեկամական կապ ունի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։
Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերեց 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։
Իրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

