Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր նաև Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին հարցը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հարցի զեկուցման ժամանակ նշեց, որ ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում եւ վերականգնում, 1-փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչեւ 60 մլն մ3:
Որոշման ընդունումից հետո հնարավոր կլինի Ծրագրի ազդակիր համայնքներում հաստատված պլանի համաձայն սկսել հողերի ձեռքբերման եւ վերաբնակեցման գործընթացների իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա հետագայում շինարարական պայմանագրի ստորագրման համար։
Վաչե Տերտերյանը նշեց, որ ծրագրի առաջին փուլով նախատեսված է Կասպի ջրամբարի շինարարություն՝ 25 մլն խմ տարողությամբ: Երկրորդ փուլով նախատեսվում է մինչեւ 60 մլն խմ տարողությամբ ջրամբարի կառուցում։
«Առաջին փուլի ժամանակ Ջրաձոր բնակավայրի մի քանի տներ պետք է ջրածածկվեին, իսկ ամբոջ բնակավայրի վերաբնակեցման խնդիրը կհասունանա երկրորդ փուլի ժամանակ: Սակայն հետազոտությունը ցույց տվեց, որ վերաբնակեցումը պետք է արվի հենց առաջին փուլի ժամանակ: Հետազոտությամբ ամբողջությամբ գնահատվել են բոլոր գույքերը: 72 եւ ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջարմբարի հարեւանությամբ: Տեղը նախնական ընտրված է: Ամբողջ վերաբնակեցման ծրագիրը նախատեսում ենք իրականացնել պետության հաշվին, սա պետական ծրագիր է»,-ասաց Տերտերյանը:
Նա տեղեկացրեց, որ վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. բնակարանների գնման սերտիֆիկատներ տալ բնակիչներին, եւ երկրորդը՝ նոր բնակավայրի կառուցում: Առաջին տարբերակով արժեքը եղել է 3,2 մլրդ դրամ, իսկ նոր բնակավայրի ստեղծման դեպքում 4,9 մլրդ դրամ է արժեքը: Բնակիչները հակված են ամբողջական վերաբնակեցմանը: Նա նաև նշեց, որ մոտ 10 ամսվա նախագծման աշխատանքներից հետո նոր բնակավայրի նախագիծ կներկայացվի, նոր միայն կհայտարարվի շինարարական մրցույթը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Փաստորեն զրոյից նոր գյուղ է կառուցվելու։ Սա կարեւոր է ոչ միայն Ջրաձորի բնակիչների համար, այլ նաեւ մեր պատկերացումները 21-րդ դարի հայկական գյուղի վերաբերյալ կոնկրետացնելու առումով»:
Կառավարության անդամները միաձայն հավանություն տվեցին որոշման նախագծին։

