2018 թ. հրաժարականից հետո, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 19-ին իր առաջին, թերևս ամենամեծ մամուլի ասուլիսը հրավիրեց: Թեման 2016 թ. ապրիլյան պատերազմն էր: Մամուլի ասուլիսից հետո սկսվեցին բուռն քննարկումներ, ինչպես քաղհասարակության, այնպես էլ քաղաքագիտական շրջանակներում: Քննարկումները ծավալվում էին հիմնականում այն հարցի շուրջ, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է դա հնարավոր, որ ժողովրդի կողմից մերժված նախագահը մամուլի ասուլիս տա:
«Ես Սերժ Սարգսյանի կողմնակիցը չեմ եղել, ամենասուր քննադատներից եմ եղել, Բազմաթիվ քաղաքացիական ակցիաների եմ մասնակցել, նաև՝ նախաձեռնել ընդդեմ Սարգսյանի, սակայն պետք է հասկանանք, որ նա եղել է Պաշտպանության նախարար և իր օրոք եղել են հաղթանակներ»,- այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ի տարբերություն այսօրվա իշխանությունների, որոնց մեծ մասը փախել է բանակից և կյանքում որևէ օգտակար գործ չի արել՝ հիմա իրենց իրավունք են վերապահում մարդկանց տալ գնահատականներ՝ մերժված, ոչ մերժված. կյանքը ցույց կտա, թե ով է մերժված: Ինձ համար անհասկանալի է նաև այսօրվա իշխանության գնահատականները պարտության և հաղթանակի մասին, այն դեպքում, երբ նրանցից շատերը բանակից փախած մարդիկ են, հետևաբար, նրանք բարոյական իրավունք չունեն խոսել պարտության և հաղթանակի մասին»,- ասաց Դանիելյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ Սարգսյանի խոսքում բավականին հետաքրքիր և սթափ գնահատականներ կային: «Պատերազմը, դա միայն ռազմական գործողությունները չեն: Կարևոր են նաև քաղաքական արդյունքները և պատերազմի պատճառները, թե ինչի համար է մղվում այդ պատերազմը: Իսկ ապրիլյան պատերազմի պատճառը բանակցային գործընթացը փոխելն էր, որին ձգտում էր Ադրբեջանը, և ես իր հետ համաձայն եմ, որ դա Ադրբեջանին չհաջողվեց»:
Ըստ Դանիելյանի՝ Սարգսյանի հնչեցրած պատասխանները 2 տեսանկյունից կարելի է գնահատել՝ ինչ է ասել և ինչ տեսակետներ են պետք մեր հասարակությանը:
«Հայաստանը՝ որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, պետք է վստահ լինի, որ հաղթանակ տարած երկիր է և ապագայում նույնպես հաղթանակներ է տանելու, քան ունենա պարտվածի հոգեբանություն: Ահնրաժեշտ է նաև արժևորել այն զինվորների կյանքը, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելիս»,- նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով առկա այն տեսակետին, որ տարածքներ կորցնելով հաղթանակ չենք կարող գրանցել, մինչդեռ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանը տարածքներ չի կորցրել, եթե խոսքը վերաբերում է անվտանգությանը և պաշտպանությանը՝ Դանիելյանն ասաց, որ, ինչ վերաբերում է անվտանգությանը, դա նշանակում է դիրքերի դասավորություն և հնարավոր վտանգներ այդ դիրքերի փոփոխությունից:
«Սակայն, ես չեմ կարող գնահատել, դրա համար կան զինվորականներ, ռազմական փորձագետներ, որոնք կարող են գնահատական տալ: Այս իշխանությունը, 2018 թ. Մայիս-հունիս ամիսներին գուցե մի քանի անգամ ավելի շատ տարածք է կորցրել Նախիջևանի հատվածում, որոնց պատճառով ռազմավարական նշանակության ճանապարհներ են նշանառության տակ առնվել: Եվ, եթե գնահատող են, թող գնահատեն իրենց պարտությունները, որոնց մասին իրենք չեն խոսում»,- հայտարարեց քաղաքագետը:
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր համարում է, որ Սարգսյանի մամուլի ասուլիսներ տալու դրդապատճառներից մեկը կարող է լինել իր հանդեպ ժողովրդի բացասական վերաբերմունքի մեղմացումը՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ գնահատողը, թե որոնք են նրա դրդապատճառները: Այդ հարցը պետք է տալ կամ իրեն, կամ իր զինակիցներին՝ ՀՀԿ-ի անդամներին: Իսկ ընդհանրապես, հրապարակային քաղաքականությունը ենթադրում է պարբերական շփում հանրության հետ: Իսկ Սերժ Սարգսյանի բազմաթիվ թերություններից մեկն այն էր, որ իր իշխանության տարիներին հանրության հետ շփում չի եղել: Գուցե փորձում է սխալն ուղղել»:
Իզաբելա Սուլթանյան

